|
«Ինչու՞ ենք ամուսնանալիս գնում եկեղեցի» հարցին շատերը կպատասխանեն. «Աստծո օրհնությունը ստանալու»: Կպատասխանեն, բայց այդպես էլ ամբողջովին չեն պատկերացնի, թե ինչ է Աստծո օրհնությունը կամ որն է պսակի խորհուրդը: Մի՞թե դա կապ ունի մեքենաների այն շարասյան հետ, որը, բարձր ազդանշաններ արձակելով, շրջապատում է եկեղեցին:
Պսակադրության խորհուրդն առաջին անգամ հաստատվել է դրախտում: Աստված օրհնել է Ադամի և Եվայի պսակը: Աստծո օրհնության արարողությունը շարունակվում է մինչև օրս: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդությամբ` ամուսնությունը պսակ է կոչվել, որովհետև ամուսնացողների գլխին խորհրդակատարման ժամանակ թագ կամ պսակ են դրել, ավելի ճիշտ, կույսերին` պսակ, այրիներին` ուռ: Ամուսնության պսակի խորհրդակատարությունը բաղկացած է երկու մասից: Առաջինը նշանադրությունն է, որը նշանակում է պսակվելուց առաջ երկու կողմերի համաձայնությամբ կայացած ուխտ, երբ տղան ու աղջիկը խոստանում են իրար սիրել , հավատարիմ լինել և մոտ ապագայում ամուսնանալ: -Նախկինում սովորույթ է եղել զույգերին նշանադրությունից մինչև պսակադրություն 6-ամսյա ժամկետ տալը, որպեսզի կարողանան միմյանց ավելի լավ ճանաչել և վերջնականապս համոզվել, որ պատրաստ են ամուսնանալ ,- ասում է Սուրեն սարկավագ Գևորգյանը: Նշանադրության արարողությունը կատարում են նաև հարսի տանը, բայց ըստ եկեղեցական կանոնի` այն պետք է կատարվի եկեղեցում: Վերջին շրջանում երիտասարդները փորձում են վերականգնել այդ գեղեցիկ ավանդույթը, իսկ արարողությունից հետո տոնական մասը շարունակում են խնջույքի ձևով: Արարողության ժամանակ ասվում է քարոզ, ապա քահանան աղոթում է, “…Օրհնի՛ր, Տե՛ր, ամուսնության հրավիրվածներին և առաջնորդիր՛ր խաղաղությամբ և առանց փորձության հասնել պսակի օրհնության…”: Այնուհետև օրհնում է մատանիները և դնում հարսի և փեսայի աջ մատնեմատներին: Մինչև պսակի արարողությունը` գոյություն է ունեցել նաև հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի և փեսայի զգստները: Հաջորդը կույսի պսակի արարողությունն է, որը բաղկացած է Ձեռնատվությունից և Պսակադրությունից: Ձեռնատվությունը փոխադարձ խոստում է, դաշինք` տղամարդու և կնոջ միջև, որը հայտարարվում է եկեղեցում `Աստծո և ժողովրդի ներկայությամբ: Իսկ Պսակը նորակազմ ընկերային միություն է, որը եկեղեցին ընդունում և օրհնում է: Արարողակարգի ժամանակ փեսան կանգնում է եկեղեցու հյուսիսային կողմում, հարսը` նրա աջ կողմում: Գավթում քահանան օրհնում է նշանադրության մատանիները, դրանք դնում փեսայի և հարսի ձախ մատնեմատներին, ապա կատարվում է Ձեռնատվության արարողությունը: Հարսն ու փեսան երեսները իրար են դարձնում, պսակադիր քահանան ձեռնատվություն է կատարում` հարսի աջ ձեռքը միացնելով փեսայի աջ ձեռքին և ասում. «Առեալ զձեռն Եվայի` տուեալ ի յաջն Ադամայ, և ասե Ադամ. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին` իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետևիր ամուսնուց ստեղծվեց»: «Դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը, գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Պատահական չէ, որ պսակադրության ժամանակ քահանան երիցս կրկնում է հարցերը փեսային` տե՞ր ես, և հարսին` հնազա՞նդ ես, որպեսզի և՛ ներկաները, և՛ զույգը վերջնականապես համոզվեն: Եթե յուրաքանչյուր զույգ սթափ գիտակցի պսակի լրջությունը և հետևի Պողոս առաքյալի խոսքին` «Կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին, իսկ տղամարդիկ սիրեն իրենց կանանց», ապա համոզված կարող եք ասել, որ բաժանվող զույգերն անհամեմատ ավելի քիչ կլինեն:
Լավատեսորեն նայելով…
Երբ հիվանդանում ենք, դիմում ենք բժշկին, բայց շատ հաճախ էլ ոչինչ չենք ձեռնարկում` մտածելով, որ ինքն իրեն կանցնի (հայկական բնավորություն է): Ճիշտ է, մեր օրգանիզմը ինքնավերականգնվող ամբողջություն է, բայց նրան մենք կարող ենք օգնել… լավատեսությամբ:
«Լավատեսորեն նայելով կյանքին` մենք կարող ենք, ինքներս էլ չնկատելով, հաղթահարել շատ հիվանդություններ»,- այսպիսի եզրակացության են հանգել մասնագետները` շատ երկրներում կատարված հետազոտությունների և վիճակագրության շնորհիվ: Եթե ընտանիքում, օրինակ, հակվածություն կա սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ապա լավատեսի մոտ այդ հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու վտանգը երկու անգամ նվազում է: Ուրեմն լավատեսությունն ամենալավ դեղն է: Իսկ ինչու՞ է լավատեսությունն ամրապնդում առողջությունը: Միգուցե այն պատճառով, որ լավատեսը ավելի քի՞չ է սթրեսների ենթարկվում: Չէ՞ որ ներզատական գեղձերի կողմից արտադրվող սթրեսային հորմոնները երկարատև սթրեսի ժամանակ քայքայում են օրգանիզմը` ազդելով առաջին հերթին սրտի վրա: Հոգեբանության մեջ նոր ուղղություն է առաջացել` “դրական հոգեբանություն”: Սա մարդկանց սովորեցնում է ինչ-որ լավ բան գտնել նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում, ձևավորել լավատեսական հայացք: Իհարկե, լավատեսը այն մարդը չէ, որը պնդում է, թե ամեն ինչ հրաշալի է, երբ իրականում ամեն ինչ շատ վատ է: Իսկական լավատեսը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը, հավատում է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելով ու ակտիվ աշխատելով` շատ բան կարող է բարեփոխել:
Հիվանդությունը գլխում է ծնվում
Տարօրինակ է, բայց շատ հիվանդություններ առաջանում են մեր գլխում: Եթե մենք տրվում ենք մելամաղձությանը, հուսահատված ենք կամ անտրամադիր, ապա մեր առողջական վիճակն անմիջապես վատանում է: Ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե ինչու ենք անտրամադիր. եղանա՞կն է վատ, տհաճություններ կան աշխատավայրու՞մ, թե՞ անձնական կյանքում խնդիր է առաջացել. Միևնույն է, մեր իմուն համակարգն անմիջապես արձագանքում է: Իսկ եթե, ընդհակառակը, լավատեսորեն ենք տրամադրված, ավելի շատ իմուն բջիջներ են արտադրվում, որոնք ավելի ակտիվ են գործում: Այդ պատճառով էլ երբեք թույլ մի՛ տվեք, որ վատ տրամադրությունը գերիշխող դառնա, շփվե՛ք կենսախինդ մարդկանց հետ, տոներ կազմակերպեք ձեր մտերիմների հետ և ինքներդ ձեզ համար: Վառ ծաղիկներով փոքր ծաղկեփունջն անգամ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:
Ծրագրավորենք մեր առողջությունը
Ավելի շատ կենսաբաններ են գալիս այն եզրակացության, որ օրգանիզմի պաշտպանական ուժերը կարելի է ինքնուրույն ծրագրավորել: Չէ՞ որ մեր ենթագիտակցությունը հավատում էայն ամենին, ինչ ինքներս մեզ համոզված ասում ենք, և անմիջապես սկսում է գործել. Կարծես հրահանգ է ստացել: Օգտագործե՛ք ձեր մտքի ուժը: Միշտ ձեզ ներշնչե՛ք. «Ես ամուր իմուն համակարգ ունեմ. այն յուրաքանչյուր վարակի կդիմադրի»: Եթե դուք մշտապես ներդնեք այս միտքը ձեր ենթագիտակցության մեջ, դա կակտիվացնի ձեր իմուն համակարգը: Ինքնաներշնչման ձևերը բազմազան են:
Զինվե՛ք լավատեսությամբ: ● Արթնանալուն պես մտովի քաջալերե՛ք ինքներդ ձեզ. «Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»: ● Հայելուն նայելով` ժպտացեք, թող ձեր դեմքը փայլի: Հիշե՛ք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատեք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն: ● Ամեն հարմար առիթով մարդկանց լավություն արեք, ինչ-որ հաճելի բան ասե՛ք կամ ուղղակի ժպտացե՛ք, եթե նույնիսկ անծանոթ եք: ● Սովորություն դարձրեք ամեն երեկո բարձրաձայն ասել. «Ես ներում եմ բոլորին, ովքեր նեղացրել են ինձ: Ներում եմ ինձ այն ամենի համար, ինչ իմ մեղքով է եղել»: ● Օգտվեք երևակայության ուժից, հարմար նստեք, թուլացեք և շատ տեսանելի պատկերացրեք, որ հասել եք այն ամենին, ինչ ուզում եք` ամուր առողջություն, երկար, երջանիկ կյանք, հաջողություններ շխատանքում: ● Ամեն հարմար պահի ուրախ երգե՛ք, նույնիսկ պարեք: ● Եթե հիվանդ եք, քնելուց առաջ մտածեք առողջանալու մասին. "Վնասված է միայն այն գործիքը, որից օգտվում եմ: Իմ հոգևոր "եսը" առողջ է և քնիս մեջ առողջացում կբերի իմ մարմնին":
ԱՂԲՅՈՒՐ` "ԼԻՆԱ" ԱՄՍԱԳԻՐ
|
|