|
Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը
Սպիտակ - Այս դասական գույնը խորհրդանշում է հարսնացուի անմեղությունն ու երիտասարդությունը: Սպիտակ ծաղիկները փունջը դարձնում են պայծառ եւ լուսավոր: Սպիտակ լիլիաները` կույս Մարիամի անմեղության խորհրդանիշերը, լավագույն տարբերակներն են: Շատ հարմար են նաեւ սպիտակ վարդերը որպես սիրո բացատրություն: Գեղեցիկ է նաեւ փոքրիկ ծաղիկների համադրությունը:
Մանուշակագույն - Այս գույնը համապատասխանում է ոչ բոլոր հարսերին: Մանուշակագույնը ճոխության եւ հասունության գույնն է: Այս առումով հատկապես գերադասելի են օրխիդեաները: Այս գույնը եւ այս ծաղիկները հարմար կլինեն, եթե զույգերը ամուսնանում են ոչ առաջին անգամ: Իսկ ավելի բաց երանգի քիչ քանակությամբ ծաղիկների ներկայությունը կզարդարի երկնագույն կամ վարդագույն երանգներով ծաղկեփունջը:
Կանաչ - Այսպես թե այնպես այս գույնը առկա է ցանկացած փնջի մեջ, բայց քչերը գիտեն, որ այն կարող է լինել ծաղկեփնջի հիմնական գույնը: Եթե Ձեզ դուր են գալիս կանաչի բաց երանգները, կամ դուք կրելու եք կանաչագույն զգեստ, ապա կարող եք համարձակորեն կրել ծաղկեփունջ կանաչ վարդերից կամ մեխակներից: Նման ծաղկեփունջը կստեղծի թեթեւ գարնանային տրամադրություն, որը Ձեզ կուղեկցի ողջ օրվա ընթացքում:
Կապույտ - Հարսանեկան ծաղկեփնջի մեջ կապույտի մուգ երանգները հազիվ թե տեղին լինեն, սակայն բաց երկնագույն երանգները փունջը կդարձնեն առավել նրբաճաշակ եւ օրիգինալ: Երկնագույն կամ վարդագույն բաղադրիչներով զգեստի հետ այսպիսի փունջը կդիտվի ուղղակի պերճաշուք: Ի դեպ, երկնագույն երանգները խորհրդանշում են հավատարմություն: Միայն չպետք է մոռանալ, որ կապույտը սառը գույն է:
Դեղին - Տաք, արեւային այս գույնը կյանքի, լույսի եւ ամուսնության խորհրդանիշ է:
Նարնջագույն - Շատ տոնական եւ գրավիչ է: Փնջի մեջ նարնջագույն ծաղիկները հարստության, առողջության մաղթանքներ են:
Կարմիր - խորհրդանշում է սերը, կիրքը` հատկապես կարմիր վարդերը: Անկախ զգեստից կարմիր վարդերի փոքր փունջը գեղեցիկ կդիտվի հարսնացուի ձեռքերում:
Հարսանիքի ծաղիկները ընտրելիս կարելի է առաջնորդվել նաեւ Ձեր սեփական նախասիրությամբ: Սակայն կարեւոր է հիշել, որ ծաղկեփունջը հարսին պետք է նվիրի միայն եւ միայն փեսացուն: Այդպիսին է ավանդույթը:
Ծաղիկների ընտրության գործում կարելի է առաջնորդվել նաեւ հորոսկոպով:
Խոյի համար գերդասելի են կարմիր վարդերն ու թրաշուշանները:
Ցուլերին` վարդագույն վարդերը, վարդագույն յասամանը:
Երկվորյակների համար ընդունելի են նարգիզները, մարգարիտկաները:
Խեցգետնին համապատասխանում են սպիտակ ծաղիկները, հասմիկները:
Առյուծի համար իդեալական են թրաշուշանները, մեծ վարդերը, քաջվարդերը:
Կույսին` մանուշակներ:
Կշեռքներին համապատասխանում են վարդագույն վարդերը, նաեւ մանուշակները:
Կարիճների համար գերդասելի են մեխակները, պիոնները, քրիզանթեմները:
Աղեղնավորին են կարմիր մեխակները, նարգիզները:
Այծեղջյուրի համար են սպիտակ մեխակները, կակաչները:
Ջրհոսին համապատասխանում են սպիտակ յասամանը, նարգիզները:
Ձկների համար հաճելի կլինեն հասմիկները, ջրաշուշանները:
|